ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Ազատի Սարգսյանին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Ազատի Սարգսյանին
04.12.2017 | 13:43

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Ազատի Սարգսյանին
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն ՔԿՀ
Արմենակ Լևոնի ՄՆՋՈՅԱՆԻՑ
ԿՀԳ Դրո գործով մահվան դատապարտված


ԲԱՑ ՆԱՄԱԿ


Մեծարգո պարոն նախագահ

Ապրիլյան չորսօրյա ճակատամարտն ու դրան հաջորդած իրադարձությունները պատճառ հանդիսացան այս նամակս գրելուն: Ձեր թույլտվությամբ կփորձեմ երկրի պաշտպանության և անվտանգության խնդիրների շուրջ իմ պատկերացումներն ու տեսակետները արձանագրել հնարավորինս հակիրճ և խուսափել փակ կամ պետական գաղտնիության տարրեր պարունակող մտքերից:
Ճիշտ է, նամակս ուղղված է Ձեզ, նաև որպես գլխավոր հրամանատարի, սակայն այն իր էությամբ քննարկելի է նաև ռազմական ստրատեգիայի ու աշխարհաքաղաքագիտության սկզբունքների շրջանակներում, ինչպես նաև հասարակական ու քաղաքական կազմակերպությունների և անհատ գործիչների կողմից: Ձեզ հայտնի պատճառներով չէի կարող անձամբ ներկայացնել սույն խնդիրներն ամբողջական ծավալով և ոչ էլ կարող էի որևէ կերպ գործուն մասնակցություն բերել սահմանների պաշտպանության գործում, որի համար ցավում եմ և մեղավորներ չեմ փնտրում:


Մինչդեռ, Արցախյան ազատամարտին մասնակցածի իրավունքով, շարունակում եմ պնդել, որ Հայոց անկախ պետականությունը պիտի ստեղծվի պատմական Հայաստանի, իմա՝ Հայկական բարձրավանդակի վրա, և սա՛ պիտի լինի մեր ազգային քաղաքական գլխավոր նպատակը: Հայոց պետության անկախության պահպանումը, համայն հայության մեկտեղումը հայոց բնօրրանում և նրա սահմանների պաշտպանությունը չպետք է լինեն միայն իշխանությունների, սփյուռքահայերի կամ ազգային ու հայրենասիրական ճակատների մենաշնորհը: Այն պիտի հանդիսանա որպես հավաքական հայ ժողովրդի հիմնական նպատակ, որը կարող է իրականացվել միայն ազգ, հայրենիք, պետություն ու անկախություն գաղափարների նոր և արմատական վերաիմաստավորման շնորհիվ: Եվ, ինչպես նախկինում, այսօր էլ նույնպես պատրաստ եմ իմ մասնակցությունը բերելու այս ազատագրական պայքարի, պահանջատիրության, բարեկեցիկ ազատ և արդար հայրենիքի ստեղծման պայքարում: Կարծում եմ, որ արդեն իսկ պահն է «Դրո»-ի գործով դատապարտյալներիս ոչ միայն ազատ արձակելու ու անպարտ ճանաչելու, այլև վստահաբար տալու մեզ բոլոր հնարավորությունները օժանդակելու համար պաշտպանական կառույցներին և ինչպես քաղաքացիական զինված խմբերի, նույնպես էլ տակտիկական հատուկ ուղղվածություն ունեցող նոր զորախմբերի կազմավորման համար:
Մինչդեռ...

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ամենևին էլ գաղտնիք չէ, որ ցանկացած պատերազմ, իր տարբեր դրսևորումներով, իմա՝ ազատագրական, անջատողական և այլն, ուղղակիորեն շաղկապված է ներքին, արտաքին և կամ տարածաշրջանային քաղաքականության հետ: Հատկապես աշխարհաքաղաքական գործընթացների եզրույթով է սահմանվում պատերազմը, նրա չափը, ժամանակը տարածականությունն ու անընդհատությունը: Հենց այս սահմանման շրջանակներում էլ փորձենք դիտարկել ընթացող գործընթացները։
Նախ՝ հարկ է նշել, որ վերջին հարյուրամյակների ընթացքում օտար կայսրությունների հովանու ներքո գոյատևող հայ ժողովուրդը մշտապես ենթակա է եղել ազգային ինքնության և էթնոմշակութային տոտալ ադապտացման, ինչի պատճառով ազգային հոգեբանության մեջ զարգացել է իրողությունների գնահատումները հարաբերականության մեջ ձևավորելու տխուր յուրահատկությունը: Եվ հենց այս հարաբերականության սահմանների եզրույթով էլ Հայաստանը գնահատում է մի կողմից իր ազդեցությունը արտաքին քաղաքականության և մյուս կողմից էլ սեփական թուլությունը ներքին քաղաքականության մեջ: Հարաբերականության եզրույթի մեջ իրականացվող այդ դիտարկումների արդյունքում է, որ ձևավորվել է ներկայիս հայկական քաղաքականությունը և որի գաղափարական փիլիսոփայության հենքի վրա էլ կառուցվել է Հայաստանի անվտանգությունը իր երեք հետևյալ հիմնական սկզբունքներով.
1. Հայաստանը իր անապահովության, վտանգի ու սպառնալիքի պատկերացումը կառուցել է Բաքու-Անկարա և Թեհրան-Մոսկվա աշխարհաքաղաքական խաչմերուկի եզրույթով և հակառակ Ադրբեջանի և Վրաստանի ուղղահայաց սխեմայի պատկերացման, այն կառուցել է հորիզոնական սխեմայով,
2. Հայաստանի անվտանգության եզրույթը սահմանվում է տարածաշրջանում երկու գերակա ուժերի՝ ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների կոնտեքստում: Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը հանգեցնում է Հայաստանի անվտանգության ռուսամետ ռազմավարությանը այնպես, ինչպես, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կայունացումը ստեղծում է լայն հնարավորություններ Հայաստանի անվտանգության խնդրի լուծման համար,
3. Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը կայանում է ռուս-ամերիկյան գործընկերությունը, սակայն անվտանգությունն ու սուվերենությունը ենթակա չեն որևէ սակարկման:
Հարկ է նշել, որ՝
. Հայաստանի անվտանգությունը ուղղված է դեպի Ռուսաստան և սահմանվում է միայն հայ-ռուսական ռազմավարական դաշնագրով,
. Հայաստանի զարգացումը տնտեսության արժեհամակարգի փոփոխման նպատակով փորձում է հիմնվել ԱՄՆ-ի և նրա տնտեսավարման սկզբունքների վրա,
. Հայաստանի կայունությունը պայմանավորվում է Եվրոպայով, հանդիսանալով որպես տարածաշրջանում գրեթե անվտանգության երաշխավորի դերակատարմամբ,
. և վերջապես, Հայաստանի սուվերենությունը պայմանավորվում է Իրանի Իսլամական Հանրապետությունով՝ որպես Հայաստանի տարածքային ամբողջության պահպանման երաշխավորի:
Հայաստանի զարգացմանն ուղղված և որակական հատկանիշներ ձեռք բերելու նպատակով իրականացված քաղաքականությունը, ըստ էության, ձևախեղեց ժողովրդավարությունն ու նրա արժեհամակարգը, ապա և ածանցյալացրեց ազատության և անկախության իրավունքի կարևորությունը: Քաղաքական գործընթացների դիմաց Հայաստանը ստիպված է եղել վճարել հայոց պահանջատիրության իրավունքի, զարգանալու ձգտման, հայ ժողովրդի պայքարելու և ազգային նպատակներ հետապնդելու իրավունքի ոչնչացմամբ:
Դեռևս 1992-ից սկսած մինչ օրս ձևավորվել և ներկայումս էլ իրականացվում է քաղաքական վերահսկման մի համակարգ, որը թույլ է տալիս կայունություն հաստատել քաղաքական գործընթացների միջավայրում: Վերահսկումն իրականացվում է հատկապես նոր գաղափարներ, ինտելեկտուալ փորձառությունների, անհատ մտավորականների ու ազգային նոր խմբավորումների ձևավորման դեմ: Ինչպես իշխանական, նույնպես էլ «ընդդիմադիր» ուժերը պայքար են մղում ազգային մոտեցման և բոլոր տեսակի ավանդական դրսևորումների դեմ: Հայ քաղաքական էլիտայի ամբողջատիրական այս համակարգը ապատեղեկացրել ու բթացրել է հայ ազգային միտքն ու ռացիոնալիզմը: Ազգը բացարձակապես անտեղյակ է իր ճակատագիրը որոշող գործընթացներին: Նրան պարտադրաբար սնել են սուտ և կեղծ հայրենասիրական կարգախոսներով, ստիպել են խոնարհվել կեղծ և շոուներով սարքված հերոսների ու հերոսապատումների առջև:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-Իրան նոր որակական հարաբերություների զարգացման եզրույթը հիմնված է թուրք-ամերիկյան վատթարացող հարաբերությունների և «Մեծ Մերձավոր Արևելք» այլընտրանքային դաշինքների ձևավորման վրա: Ռուսաստանին առնչվող խնդիրների լուծումըԱՄՆ-ը փորձում է գտնել ռազմավարական նոր դաշնակիցների ձեռք բերմամբ տարածաշրջանում Թուրքիայի դերն ու նշանակությունը նվազեցնելով: Ռուսաստանի ռազմավարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղված էր ԱՄՆ-ի Սևծովյան ավազանում ռազմաքաղաքական ներկայությունն ընդլայնելու դեմ: Մինչդեռ ռուս-թուրքական այն հարաբերությունների դիմաց Ռուսաստանի վճարումը սահմանվում է հայկական տարածքների հանձնման իրողությամբ: Ռուսաստանի այս քաղաքականությունը ձևավորվեց արդեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընթացող փոխհարաբերությունների մակարդակով, որի ռազմավարության մեջ հստակ ուղղվածությունը կայանում է իր գործուն մասնակցությունը տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերն ապահովելու մեջ:
Ռուս-հայկական հարաբերությունների գործընկերակցության սահմանմամբ Ռուսաստանը նախընտրեց ձևավորել Հարավային Կովկասում զուգակշիռ քաղաքականության տրամաբանությամբ, ինչը հանգեցրեց Հայաստանի հետ հարաբերությունների խաթարմանն ու պարտադրեց վերանայման կարևորությունը:


Հատկանշական է այն, որ վերջին 15-20 տարիների ժամանակահատվածում, առաջին հայացքից իրար հակասող աշխարհաքաղաքական գործընթացները տարբեր հանգամանքների բերումով ԱՄՆ-ի քաղաքականության մեջ աստիճանաբար թուլացրել էր Թուրքիայի ռազմավարական դերն ու նշանակությունը: Թուրքիան բավականին լավ էր հասկացել, որ աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը Սև ծովում, նույնպես էլ նվազագույնի է հասցվում իր դերակատարման պոտենցիալ հնարավորությունները Հարավային Կովկասում, ինչպես նաև ձախողման վտանգի է ենթարկվում այդքան ժամանակ փայփայած հավակնությունները Կենտրոնական Ասիայում: ԱՄՆ-ի նոր ուղղվածությունը տարածաշրջանում հակված է է՛լ ավելի ակտիվացնելու իր մասնակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքական զարգացումներում, միևնույն ժամանակ աստիճանաբար թուլացնելով Թուրքիայի ազդեցությունն ու հավակնությունները Հարավային Կովկասում, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում: ԱՄՆ-ի ուղղվածությունը տարածաշրջանային նոր գործընթացներում հակված է նոր աշխարհառազմավարական ուղեգիծ ձևավորել Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընկած երկրներով, այդ թվում` Հայաստանի ընդգրկմամբ: Վերոնշյալ գործընթացների հեռահար նկրտումները չեն սահմանափակվում միայն հարավկովկասյան հանրապետությունների տնտեսությունը և տարածաշրջանային խաղաղության համար դրական ազդեցությամբ, որքան այս գերզգայուն տարածաշրջանը ԱՄՆ-ի ազդեցության ոլորտ տեղափոխումն ու հատկապես Հայաստանի դուրսմղումը ռուսական քաղաքականությունից: Այս նոր կոնֆիգուրացիային էլ համապատասխան Վաշինգտոնը ոգևորությամբ նպատակաուղղված է Հայաստանում քաղաքական ու պետական նոր որակների ձևավորմանը: Հարկ է նշել, որ գործընթացների այս զարգացումների կոնտեքստում հայկական կողմի փոքր-ինչ թերացումն ու պահի չգիտակցումը կարող են բերել քաղաքական ուղղվածությունների կտրուկ շրջադարձի, որը կհանգեցնի Մոսկվա-Կարսի մի նոր համաձայնագրի կայացմանը, Հայաստանը կանգնեցնելով ազգային մի նոր աղետի առջև:


Արևմտյան ուժային կենտրոնների համար Հայաստանը դիտվում է որպես իր մրցակից Ռուսաստանի հզորացումը կանխելու և տարածաշրջանից դուրս մղելու որպես հիմնական գործիքներից մեկը: Այդ իսկ պատճառով էլ արևմտյան ուժային կենտրոնները իրենց վրա են վերցրել Հայաստանի անկախության պահապանի դերը:
Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար Հայաստանը դաշնակից է այնքան ժամանակ, քանի դեռ իրենից ներկայացնում է ռազմավարական այնպիսի մի սահմանափակ ուժ, այնպիսի մի օլիգարխիկ կառավարություն, որը բացարձակապես ընդունակ չէ կյանքի կոչելու իր իսկ սեփական երկրի հզորությունն ու իր ազգային շահերի և հետաքրքրությունների պաշտպանությունը: Նեոբոլշևիկյան սկզբունքներով վերակառուցված հայկական պետությանն ու իշխանություններին երբեք թույլ չի տրվի իր սեփական ճակատագրին տեր կանգնել: ՈՒստի և տրամաբանական է, որ երբ Հայաստանը իր ռազմավարությանը զուգահեռ փորձում է ավելացնել որևէ քաղաքական տարր, ապա Ռուսաստանի համար այն վերածվում է բացարձակ լուրջ լարվածության: Հայաստանը Եվրասիական կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին մասնակից և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությունով է ներկայանում և հատկանշական է այն հանգամանքը, որ հայ-ռուսական ռազմաստրատեգիան իրենից ներկայացնում է այն գլխավոր փաստարկը, որով բացառում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներին:

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾՈՆ
Հայ-ադրբեջանական զինադադարից հետո, ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը Ռուսաստանը փնտրում էր տարածքային ամբողջականության անխախտելիության շրջանակներում: Ռուսական քաղաքական վերնախավը, որպես հիմնադրի, միակ լուծման տարբերակ նախընտրում էր Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին: Ռուսաստանը Հարավային Կովկասում իրականացնող իր քաղաքականության մեջ միշտ էլ արդիական է համարել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հնարավոր պատերազմական գործողությունների գաղափարը: Ռուսական քաղաքական վերնախավն ու գրեթե ողջ ռազմական փորձագետները համոզված են, որ այդ պատերազմը մի կողմից` կհանգեցնի Ռուսաստանի ազդեցության աճին, իսկ մյուս կողմից էլ` կխափանի ԱՄՆ-ՆԱՏՕ դիրքերի ուժեղացումը Հարավային Կովկասում: Այս առումով առավել հատկանշական են վերջին տարիներին Ռուսաստանի կողմից իրականացվող հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերը, որոնք իրենց մեջ ներառում են Արցախի մասնակի կամ ամբողջական ու վերջնական հանձնումը Ադրբեջանին: Այդ հանձնումը հանդիսանում է որպես կարևորագույն պայման Ադրբեջանին ներքաշելու ռուսական քաղաքականության մեջ: Հարկ է նշել, որ դեռևս 1993 թ. հոկտեմբերին Ռուսաստանի ԳԽ խոսնակ Ռուսլան Խասբուլատովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ, ըստ որի, խոստացվել էր դուրս բերել ռուս սահմանապահ զորախումբը Կովկասից, ինչպես նաև թույլատրել էր Թուրքիային անսահմանափակ ներխուժում իրականացնել Հայաստան՝ քրդական հարցի լուծման պատրվակով, ինչպես նաև Վրաստան՝ Աբխազիայի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ զուգահեռաբար ՌԴ նախագահ Բ. Ելցինի կողմից Կովկասյան տարածաշրջանում կարևոր գործոն հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնումն էր Ադրբեջանին, որի դիմաց հնարավորություն էր ընձեռվում Ռուսաստանին ապահովելու իր ռազմական ներկայությունն ու մասնակցությունը նավթային ծրագրերին: Սակայն ՀՅԴ կուսակցության ներկայությունը տարածաշրջանում լուրջ խոչընդոտ հանդիսացավ, որի արդյունքում էլ ՀՅԴ և հատկապես «Դրո» կառույցը ենթարկվեցին աննկարագրելի հալածանքների:
Հստակ է, որ Ռուսաստանը ոչ միայն անտեսել է Հայաստանի ազգային ու պետական շահերը, այլև արդեն լուրջ ակտ է իրականացրել Հայաստանը դարձնելու համար ռուսական քաղաքականության մեջ որպե մի անդեմ ծախու գործակալություն:

ԱԴՐԲԵՋԱՆ
Դեռևս դարասկզբին պանթուրքական ծրագրերին մաս կազմած Ադրբեջանի պետության ստեղծման իրողությունը համաշխարհային քաղաքականության մեջ նախանշվեց որպես պանթուրքիզմի ռազմավարության կարևորագույն դետալներից մեկը: Այն, ըստ էության, աշխարհաքաղաքական ծրագրի իրականացում էր, բայց ոչ երբեք ազգային պետության ստեղծում և կամ ազգային ինքնագիտակցության որևէ մակարդակի դրսևորում: Նախ, որ ադրբեջանցին որպես ժողովուրդ, արևելյան տարբեր ազգերի և խառը ժողովուրդների, իրանական և հատկապես իրանական սեֆյան ցեղերի միջև ժամանակի ընթացքում տեղի ունեցած խառը ձուլման ու դրա տարաձևման արդյունք էր, և դա ինքնանույնացմամբ նույն տարածքում ապրող էթնո բնիկների հետ միայն պատմագիտական աշխատության և ապատեղեկատվական քարոզչության տարածման հետևանք է:
Այսրկովկասյան տարածաշրջանում դեռևս անհիշելի ժամանականերից ապրող ու արարող Թորգոմա տան ժառանգ` Հայկոսյան տեղաբնիկները պահպանում էին իրենց ազգային ունիտարիզմն ու էապես տարբերվում իրենց հատուկ սպեցիֆիկ բազմաձևությամբ, համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ ունենալով բավականին լուրջ և էական դերակատարություն։ Մինչդեռ այստեղ եկվոր և հետագայում հաստատված իսլամ կամ մահմեդական ժողովուրդները մինչև անցյալ դարասկիզբը հեռու էին ազգայնական, ռասայական` համաթուրանական ինքնագիտակցությունից։ Եվ դեռ ընդհակառակը, իսլամ բազմախառն ժողովուրդները տրադիցիոնալ սկզբունքներով պահպանում էին իսլամ ֆունդամենտալիզմի շիական ինքնագիտակցությունը և քաղաքակրթորեն ուղղված էին առավելապես դեպի իրանական կողմնորոշում։ Մինչդեռ պանթուրքիզմի գաղափարախոսությունն ու նրա ազգայնամոլությունն իր բացառիկ շովինիզմի դրսևորումներով շրջանառվում էին միայն եվրոպականացված մտավորականության շատ նեղ շրջանակներում։


Արևելյան Այսրկովկասը միշտ էլ հատկանշական է եղել իր սպեցիֆիկ հատկություններով և դիտվել է ազգային փոքրամասնությունների համար որպես մշտապես խնդրահարույց բարդ տարածաշրջան։ Այս իրողություններն իրենց պատմական տարբեր ժամանակահատվածներում դրսևորվել են միայն իրենց հատուկ սրությամբ զանազան էթնիկ, քաղաքական, գաղափարական և այլ գործընթացների ժամանակ։ Նույնպես էլ 1918-ին ձևավորվելով Ադրբեջանի Հանրապետությունը, տարածաշրջանում առկա ազգային փոքրամասնությունները հայտնվեցին նոր և գոյապահպանման աղետալի խնդիրների առջև։ Ադրբեջանն իր ամբողջ գոյության ընթացքում. այդ տարածաշրջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հանդեպ վարել է ընդգծված քաղաքականություն, որոնք արտահայտվել են ազգերի կազմում, նրանց ազգային և մշակութային արժեքների յուրացման և կամ ոչնչացման, բնիկների տարածքից դուրսմղման ու սպանդի ենթարկման և փոխարենը թուրքական տարրի պանթուրքիզմի գաղափարախոսական գերիշխանության հաստատման իրողությամբ։
Ադրբեջան անվանման նպատակը պանթուրքիզմի կողմից միանշանակորեն ենթադրում էր, որ հնագույն Առանի և Շիրվանի տարածքում Ադրբեջան երկրի պետական կազմավորման ստեղծումին այդ հանրապետությանը կցել նաև Իրանական Ադրբեջանը (Ատրպատականը), որն այլևս կանխապես բնակեցված էր թրքալեզու տարրերով։ Հարկ է նշել, որ դեռևս Հայոց Արքա Տրդատ Ա-ի կառավարման տարիներից, Հայ Արշակունի արքաներն իրենց պարթև ավագ Արշակունիներից ստացել էին արքայական անհատական ժառանգական տիրույթ (ձեռական իշխանություն) Հայկական Ատրպատականը` (Ատրպատիճիքը), «Ձեռին իշխանության տունն թաագավորի Հայոց» կնքագրով։ Սա կազմում էր Մեծ Հայքի Թագավորության անբաժան մասը և համարվում էր հայոց թագավորների անհատական սեփականություն, ուր թագավորը ղեկավարում էր այն որպես բուն արքունի տիրույթ։ Այն Մեծ Հայքի Թագավորության կազմի մեջ գտնվում էր մինչև 387 թվականը, երբ Մեծ Հայքի հռոմեա-պարսկական առաջին բաժանումից հետո դրանք անջատվեցին Մեծ Հայքի վարչատարածքային կազմից և մտցվեցին Սասանյան Պարսկաստանի սահմանների մեջ։ Պանթուրքական գաղափարախոսներն ու ակտիվ կազմակերպիչները «Ադրբեջան» անվան տակ թաքցնում էին էլ ավելի ընդարձակ տարածքներ, որոնք ընդգրկում էին ոչ միայն Իրանական Ատրպատականը, այլև Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարածքների մի զգալի հատվածը` Երևան, Ախալքալաք, Վան, Կարս, Էրզրում և այլն։ Պանթյուրքական այս ծրագիրն իր բնույթով ուղղված էր Հայաստանի, Իրանի և թե Ռուսաստանի դեմ։
1918-ի մայիսին տարածություն ներխուժած թուրքերի ակտիվ աջակցությամբ ռուսների դեմ մշղված պայքարում հռչակված Ադրբեջանի Հանրապետության սահմանները դեռևս անհստակ և անորոշ էին մնացել։ Նույն թվականի հոկտեմբերին Թուրքիայի և նրա զորքերի նահանջը տարածաշրջանից, ինչպես նաև պանթուրքիզմի գաղափարախոսության սաստիկ նվազումը, այնուամենայնիվ, չբերեց Ադրբեջանի պետության կործանմանը։ Այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանն անմիջապես հայտնվեց անգլիական աշխարհաքաղաքական հետաքրքրության կենտրոնում, որոնք արդեն իսկ մուտք էին գործել տարածաշրջան։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանի պետությունը հետաքրքրում էր անգլիացիներին այնքանով, որքանով պանթուրքիզմին։ Երկուստեք ձգտում էին ներթափանցել Միջին Ասիա, մի կողմից` այն օգտագործելով որպես կանխարգելիչ հենակետ ռուսական ազդեցության տարածաշրջան հնարավոր վերադարձի առումով, իսկ մյուս կողմից էլ ձեռք էին բերելու հումքային պաշարներով բավականին հարուստ տարածաշրջան։ Հակառակ այն հանգամանքին, որ Ադրբեջանը, հայտնվելով ատլանտիզմի աշխարհաքաղաքական հետաքրքրության կիզակետում և համարվելով որպես արևմտյան քաղաքական մշակույթի կրողը, այնուամենայնիվ, 1920-ին Ռուսաստանն իր ազդեցության ոլորտները ընդարձակելով մինչև Այսրկովկաս, ոչ միայն չհանգեցրեց Ադրբեջանի տեսության ապամոնտաժմանը, այլև դեպքերի իրենց հատուկ զարգացման արդյունքում, ուր հակառուս մտավորականներն անմիջապես վերածվեցին «ռուսասեր» բոլշևիկների. վերջնականապես խթանեցին այդ շինծու պետության լիիրավ կայացմանը։ Եթե ռուսական կառավարիչների համար ձեռք բերված թվացյալ այս հայտարարությունը արձանագրվեց որպես ռուս-եվրոպական մարտավարական գծի աննախադեպ հաղթանակ, ապա երկարաժամկետ ռազմավարական տեսակետից այն վավերագրվեց որպես նույն գծի աննախադեպ պարտություն։ Ռուսական քաղաքական շրջանակներում շատ քչերը հասկացան, որ Ադրբեջանն իր աշխարհագրական և հատուկ աշխարհաքաղաքական կառուցվածքով ձևավորվել է արդեն որպես դանդաղ գործողության ական ողջ տարածաշրջանի համար։


Ադրբեջանն իր ներկայիս սահմաններով աշխարհաքաղաքական հետաքրքրություն է ներկայացնում առավելապես երկու տեսանկյունից, մի կողմից Պանթյուրքական, իսկ մյուս կողմից էլ Ատլանտիստական։ Այս երկու ռազմավարությունների համար էլ Ադրբեջանը հանդիսանում է որպես Միջին Ասիայի բանալին։ Ադրբեջանը 90-ականների երկրորդ կեսին, արդեն ակտիվորեն ներկայացավ իր հստակ աշխարհաքաղաքական ուղղվածության դիրքորոշմամբ և հանդիսանալով որպես կրկին պանթուրքական ռազմավարության հուսալի կենտրոն, միևնույն ժամանակ ստանձնեց տարածաշրջանում ատլանտիստական աշխարհաքաղաքականության կարևորագույն հենասյունի իրեն վերապահած ավանդական դերը։
Ադրբեջանը. իմա` «ՄԵծ Ադրբեջան»-ը ժամանակակից Թուրքիայի պանթուրքական ծավալապաշտական քաղաքականության մեջ համարվում է որպես Թուրքիայի արևելյան կորպուս։ Եվ սա է պատճառը, որ նրա ռազմական գաղափարախոսությունն ու հայեցակարգը ստեղծվել է Թուրքիայում։ Սակայն այն պրակտիկորեն ձևավորվում է Ադրբեջանում կազմավորելով զինված ուժերն ու հատուկ ծառայությունները։ Այն իրականացնում է լայնածավալ միլիտարիզացիայի ծրագիր, ինչը սահմանվում է ժամանակակից սպառազինմամբ մեծմասամբ և հիմնականում ռուսական ռազմամատակարարմամբ, բանակի որակյալ կադրերի պատրաստմամբ, հատուկ ստորաբաժանումների ձևավորմամբ, նոր սերնդի սպաների պատրաստմամբ Թուրքիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և այլն։ Արդեն իսկ կազմավորված է ժամանակի մարտահրավերներին դիմակայող արդիական մի բանակ, որն առավելագույնս հագեցած է հարձակողական սպառազիմամբ և հատուկ ստրատեգիայով։ Ռազմական ղեկավարությունն իր առջև խնդիր էր դրել ստեղծելու տարածաշրջանում քանակական առումով ամենամեծ և մարտունակության առումով ամենազորեղ բանակը։ Գլխավոր շտաբը հենց այս առումով էլ նպատակադրվել էր ռազմական գործողություններից առաջ նրա բանակը հասցնել 125-ից մինչև 165 հազար զինվորականի։ Այսօր արդեն իսկ առկա է ռազմատեխնիկական մեծ պոտենցիալ, ստեղծված են ռազմական ինֆրակառույցներ, անցկացվում է ակտիվ ռազմական գաղափարախոսություն։ Բանակի գաղափարախոսությունը, կառուցվածքն ու օպերատիվ պլան ծրագրերը գալիս են մեկ անգամ ևս հաստատելու, որ տվյալ բանակը ունի հարձակողական նպատակ։ Արագ ռազմականացումն ու նման ծավալի և տեսակի սպառազինումը, քաղաքական ղեկավարության կողմից թելադրվում է հակամարտության ուժային միջոցներով լուծման իրողությամբ։ Ադրբեջանը ձգտում է բացարձակ ռազմական միջոցների կիրառմամբ հասնել խնդրի կարգավորմանը։

ՊԱՏԵՐԱԶՄ
Հայ-ադրբեջանական սպասվող պատերազմը կրելու է այսուհետ նոր որակական չափորոշիչներ, որոնք բացարձակապես խորթ են մինչ այժմ գործադրված պաշտպանական կառուցվածքին ու ստրատեգիային։ Հայկական ուժերը բախվելու են բավականին լավ սպառազինված, գրագետ ու կազմակերպված բանակի։ Սակայն սպառնալիքն իր լրջության կատեգորիայով սահմանվում է մի նոր ուժի` սուննի իսլամական ծայրահեղականության առկա փաստով։ Սաուդյան Արաբիայի վարձկանների, իրաքցիների, թալիբների, չեչենների, լիբիացիների և Պակիստանի զինյալ գրոհայինների դեմ պայքարը, անշուշտ, ներկայիս պաշտոնական դոկտրինով, բանակի քանակով, ռազմատեխնիկական բազայի որակով ու սպառազինությամբ ուղղակի զավեշտ է։ Ժամանակակից պարտիզանական այս մոդելը, որոնք կիրառում են սուննի իսլամական ծայրահեղականները, հաջողությամբ կարող է քայքայել բավականին լավ սպառազինված և բարձր դիսցիպլին ու մարտական պատրաստվածություն անցած հզորագույն բանակների դիմադրությունն ու նրա զորախմբերի ոգին։
Պետական անվտանգությունը բավականին բարդ և բազմաշերտ մի ամբողջական համակարգ է որը սկիզբ է առնում նախ տարածքային մեծության և ձևի, սահմանների բնույթի և ապա բնակչության քանակի, ազգային միատարրության, նրա ոգու և հոգեբանության առանձնահատկությունների, բնական պաշարների, գիտական, տնտեսական և տեխնոլոգիական զարգացման պոտենցյիալի և այլ իրողությամբ։ Առաջատար երկրներում շարունակաբար մշակվում են հավանական մարտահրավերներին դիմակայելու նոր տեսակի է՛լ ավելի արդյունավետ դիմակայման տեխնոլոգիաներ և մեթոդներ։ Այն ընդհանուր առմամբ հիմնվում է ամերիկացի ախարհաքաղաքագետ, Ն. Սպիքմենի երկրաքաղաքական հզորության հաշվարկման համակարգի տեխնոգենայի սկզբունքների հիման վրա, որն իրենից ներկայացնում է հիմնականում տասը սահմանում, այն է`
1. Տարածքային մակերեսը
2. Սահմանների բնույթը
3. Բնակչության քանակը
4. Օգտակար հանածոները
5. Տնտեսական և տեխնոլոգիական զարգացումը
6. Ֆինանսական հզորությունը
7. Ազգային միատարրությունը
8. Սոցիալական արտագաղթման մակարդակը
9. Քաղաքական կայունությունը
10. Ազգային ոգին։

Սակայն սկզբնական հիմքը դիտարկվում է տարածքը։
Երկրի անվտանգությունը սկիզբ է առնում պետական սահմաններից, նրա ձգվող երկարությունից։ Ժամանակակից Հայաստանը ունենալով միայն պատմական սահմաններ, այնուամենայնիվ, այն այսօր զրկված է բնական սահմաններ ունենալուց։ Մինչդեռ առկա սահմանային բնույթը դիտարկած պատերազմական տեսանկյունից աշխարհագրական նշանակալի մեծություն չի կազմում և չի կարող դիտարկվել որպես ռազմական գործողությունների պոտենցիալ տարածք։ Այս տարածքում ռազմաստրատեգիական խիստ նշանակություն ունեցող հարտլանդի բացակայությունն անցանկալի և ստրատեգիական առումով, գրեթե անհնարին է դարձնում պաշտպանական որևէ լուրջ տակտիկական զորաշարժ։
Ժամանակակից աշխարհաքաղաքագիտության հիմնադիրներից Ն. Սպիթմենը սահմանել էր «Հարտլանդ»-ի և «Ռիմլանդ»-ի հասկացությունները։ Առաջինն իրենից ներկայացնում է երկրի այն աշխարհագրական մասը, որը նշանավորվում է ռազմաստրատեգիական խիստ կարևորությամբ։ Բազմաթիվ առումներով այն նույնացվում է ռազմական թիկունքի հետ։ Սինչդեռ պայման չէ, որ հարտլանդը գտնվի երկրի ճիշտ կենտրոնում։ Կարևորությույնը տրվում է նրա խիստ պաշտպանվածությանը։ Պատմական Հայաստանի ու այժմյան Թուրքիայի հարտլանդը Կարինն է, իսկ եթե դիտարկենք Կարսի նահանգով Հայաստան, ներառյալ Ջավախքն ու Նախիջևանը, ապա այս պարագայում հարտլանդը կլինի Սպիտակի լեռնանցքի, Ստեփանավանի ու Իջևանի միջև ընկած տարածքը։ Ներկայիս Հայաստանի հարտլանդը զավեշտորեն հանդիսանում է Սևանի ավազանը։ Դեռևս Կուտուզովի հականապոլեոնյան ստրատեգիան վերլուծելով, ռազմաստրատեգները, ի վերջո, հասկացան հարտլանդի նշանակության այն կարևորությունը, որ որքան հարտլանդը երկրի անցանելի սահմաններից հեռու է, այնքան երկիրն անպարտելի է դառնում։


«Ռիմլանդը» իրենից ներկայացնում է այն տարածքները, որոնք զսպում են հարտլանդը, կամ որոնցից կարելի է ռազմական գործողություններ սկսել հարտլանդի դեմ։ Առկա աշխարհագրական և ռազմաստրատեգիական իրողությամբ Թուրքիա-Անդրկովկասը ռիմլանդ է։ Եվ հենց ռիմլանդի շուրջ պայքարով են պայմանավորվում այդ շրջաններում խաղաղության հաստատման խիստ դժվարությունները։
Հարկ է նշել, որ դեռևս 1993-ին ՀՅԴ կուսակցության և Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) միջև վերջնականապես ձեռք էր բերվել մի համաձայնություն, որը սահմանվում էր ՀՅԴ-ՔԲԿ բարձրագույն մակարդակների միջև ու նաև սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների օժանդակությամբ, Հայ դատի պահանջատիրության պայքարի փոխադրումը Թուրքիայի գրաված հայկական տարածքներ` Արևմտյան Հայաստան։ Այն խոչընդոտելու էր նաև պանթուրքական ճանապարհը դեպի Անդրկովկաս և ապա դեպի Եվրոպա ընդարձակվելու ծրագրին։ Սակայն 1994-ին սկիզբ առած ՀՅԴ-ի դեմ հալածանքներն ու «Դրո» գաղտնի ծառայության վարչականների ձերբակալությունները կասեցրին «Դրո» ծառայության զինյալ մարտիկների թափանցումը Արևմտյան Հայաստան։ Եվ հենց սա էր պատճառը, որ 1995-ի հունվարից հետո ՔԲԿ մարտիկներին թույլատրեցին ռազմական գործունեություն ծավալել նաև Կարսից հյուսիս ընկած ու մինչ այդ նրանց «արգելված» տարածքներում։


Այնուամենայնիվ, հայկական զինված ուժերն այսօր էլ ստիպված են ռազմական պաշտպանության նոր շրջաններ ստեղծել։ Պատերազմական իրավիճակը պարտադրում է մի կողմից այն տեղափոխել դեպի արևելք, մինչև Կուր գետը, իսկ մյուս կողմից էլ պաշտպանական շրջանները պիտի ձևավորվեն գրեթե բոլոր ուղղություններով։ Այս տեղափոխումները կարդարացվեն ինչպես ստրատեգիական, նույնպես էլ պատմական տեսանկյունից։ Պատերազմական գործողությունների պարագայում հայկական կողմը անվերապահորեն պիտի ընտրի հարձակողական մարտավարությունը։ Խնդիր ունենալով բացարձակապես իր վերահսկողության տակ վերցնելու Ադրբեջանի, նույնպես էլ Վրաստանի հայկական տարածքները ներառյալ ծովային նավահանգիստները։ Ամբողջական մեկուսացման մեջ լինելով հանդերձ, հայոց բանակը ստիպված է լինելու հաղթել, երկնակառույցին այս պատերազմում, զի միակ և լիարժեք միջոցը կարող է հանդիսանալ միայն Ադրբեջանի հանրապետության փլուզումը։


Երկրի անվտանգության պահպանման համատեքստում վաղուց արդեն հրամայական է դարձել հակառակորդի կողմից հավանական հարձակման ենթարկվելու պարագայում քաղաքացիական զինված խմբերի կազմավորման և մյուս կողմից էլ հավանական զինված տարածքներում դիմադրութան օջախների վերածնման բոլոր նախադրյալների ստեղծումը։
Ամեն մի սկսվող պատերազմ իր ռազմական դրսևորումներով հարաբերակցվում է տվյալ ժամանակաշրջանի քաղաքակրթական իրողությանը և արտահայտվում է հենց այդ շրջանին հատուկ յուրահատկություններով։ Ցանկացած ճակատամարտ, դա կլինի մեծամասշտաբ, թե փոքրամասշտաբ, ունի իր հատուկ տակտիկական նշանակությունը, որը շաղկապված է ընդհանուր պատերազմի ստրատեգիական նպատակին։ Մինչդեռ պատերազմը հանդիսանում է արյունահեղությունների և ավերվածությունների երկկողմ հաշվարկների մի գնահատական, ուր դիտարկվում են ինչպես ֆիզիկական, նույնպես էլ հոգեբանական վնասների չափն ու կշիռը։ Որ կողմն առավելագույնը կպահպանի ֆիզիկական և հոգեբանական հաշվեկշիռը, այն կողմն էլ կնշի իր բացարձակ հաղթանակը։


Շարունակական ճակատամարտերը պիտի դիտարկվեն ոչ թե դասական, այլև երկաստիճան կանոնային սկզբունքով, որի համար պահանջվում են խիստ մեթոդիկ մոտեցումներ։ Պատերազմի շարունակականությունը պայմանավորված է նրա գոյություն ունեցող տարրերով, որոնք են` բացարձակ քանակությունը զինվորականության, հարաբերակցության մեջ վերցրած հակառակորդի բանակի քանակական և տեսակի երկկողմ լինելը, ինչպես նաև ռազմական տարածքի բնութագիրը ստրատեգիական և տակտիկական նշանակությամբ։ Կա այսպիսի հասկացություն. հաղթողի համար պատերազմը երբևիցե չի ավարտվում շատ արագ, իսկ պարտվողի համար այն երբեք չի տևում բավական երկար։ ՈՒստի և ամենայն դժվարին ու բարդագույնը դա լավագույն ձևով նախապատրաստումն է հաղթական ավարտի, դա մի աննկատելի ծառայություն է ստրատեգիայի, որը շատ հազվադեպ է գնահատվում։ Իր ամբողջ փառքով ու փայլով ստրատեգիան ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ օգտագործում է նվաճած հաղթանակը։

Դիտվել է՝ 18762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ